Ալոիս Մուսիլ
Ալոիս Մուսիլ (չեխ․՝ Alois Musil, հունիսի 30, 1868[1][2][3][…], Rychtářov, Վիշկով, Չեխիա[2][4][5] - ապրիլի 12, 1944[1][2][3][…], Otryby, Soběšín[6][4][5]), չեխ[9] արևելագետ, աստվածաշնչագետ, ճանապարհորդ, նշանավոր Քուսայր Ամրա հնավայրի հայտնագործող, ազգագրագետ, գրող (ստեղծագործել է չեխերեն և գերմաներեն), կաթոլիկ հոգևորական։ Համարվում է 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծի մեծագույն արևելագետներից, արաբագետներից մեկը։ Չեխական ծագումով ավստրիացի մեծ գրող Ռոբերտ Մուզիլի (Մուսիլի) մտերիմ զարմիկն էր[10][11]։ Բրիտանացի անվանի գիտնական Էռնեստ Գելները նրան կոչել է «Լոուրենս Մորավիացի»՝ համեմատելով նշանավոր Թոմաս Էդվարդ Լոուրենսի՝ Լոուրենս Արաբացու հետ[12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոիս Մուսիլը ծնվել է 1868 թվականին Մորավիայում՝ Վիշկով քաղաքի մոտ գտնվող Ռիխտարժով գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում[13]։ Սովորել է Կրոմերժիկի, Բռնոյի, Վիսոկե Միտոյի գիմնազիաներում[14], 1887-ից 1891 թվականներին ուսումնառությունը շարունակել Օլոմոուցի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, որն ավարտելով՝ 1891 թվականին հոգևորական է ձեռնադրվել, չորս տարի անց էլ աստվածաբանության դոկտորի աստիճան է ստացել։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը նրա մեջ հետաքրքրություն է առաջացրել արաբական աշխարհի նկատմամբ։ 1895-ից 1898 թվականներին ուսանել է Երուսաղեմի դոմինիկյան աստվածաշնչյան դպրոցում և Բեյրութի Սուրբ Հովսեփի անված ճիզվիտական համալսարանում։ 1898 թվականին Հորդանանում հետազոտություններ կատարելիս նշանավոր Պետրա հնագույն քաղաքի ավերակների մերձակայքում հայտնաբերել և տևական ժամանակ հանգամանորեն ուսումնասիրել է 8-րդ դարի կառույց Քուսայր Ամրա ամրոցը, որի մասին մի քանի գիրք է գրել։ Փորձել է հափշտակել ամրոցի՝ ներկայումս համբավված ստեղծագործություններից մեկը՝ օմայադյան վեց արքաներ պատկերող որմնանկարը և անդառնալիորեն վնասել է այն[15]։
Մուսիլը տևական ժամանակ ապրել է Արաբիայի հյուսիսում՝ բեդվինական ռուվալլա ցեղի հետ, դարձել է այդ ցեղի անդամը՝ ստանալով շեյխ Մուսա ար Ռուեյլի անունը։ Նա ջանասիրաբար սովորել է տեղացիների խոսվածքները և ի հավելումն իր իմացած դասական ու ժամանակակից լեզուների՝ տիրապետել է արաբերենի երեսունհինգ բարբառների։
Իր յուրաքանչյուր ուղևոությունից հետո Մուսիլը դրա արդյունքների հիման վրա գրքեր է հրատարակել։ 1902 թվականին դարձել է Օլոմոուցի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր։ 1909 թվականին դասախոսել է Վիեննայի համալսարանում։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հետախուզական աշխատանք է կատարել Մերձավոր արևելքում։ Աշխարհամարտից հետո՝ 1920 թվականին դարձել է Պրահայի Կառլով համալսարանի պրոֆեսոր, 1927 թվականին այնտեղ հիմնել է գիտությունների ակադեմիային առընթեր արևելագիտության ինստիտուտ։ Համագործակցել է ամերիկացի արդյունաբերող Չարլզ Քրեյնի հետ, նրա աջակցությամբ կազմակերպել իր աշխատությունների անգլերեն թարգմանությունների հրատարակման գործը։ Չեխերեն ու գերմաներեն գրել ու լույս է ընծայել նաև գեղարվեստական գրքեր՝ 21 վեպ ու բազմաթիվ պատմվածքներ, մեծամասամբ արկածային բնույթի՝ պատանիների ու երիտասարդների համար։ 1929-1932 թվականներին լույս է ընծայել իր աշխատությունների պարզեցված, չեխերեն տարբերակները՝ 8 հատորով։ Հայրենի երկրի նախագահ Մասարիկի նախաձեռնությամբ հրատարակել է «Արևելքն այսօր» մատենաշար (լույս է տեսել 11 հատոր)։
Ալոիս Մուսիլի գիտական գործունեությունը միջազգային ճանաչում է ստացել. նա ընտրվել է եվրոպական գիտական ընկերությունների մեծ մասի անդամ, իսկ 1928 թվականին էլ Ամերիկյան աշխարհագրական ընկերությունը նրան պարգևատրել է Չարլզ Դեյլիի ոսկե մեդալով։ Բացի այդ, նշանավոր ճանապարհորդների փառքի սրահում նրան նվիրված անկուն է բացվել Մարկո Պոլոյի, Դևիդ Լիվինգստոնի անկյունների կողքին։ 1933 թվականին Մուսիլին շնորհվել է Բոննի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոիս Մուսիլը, որ երկար տարիներ տառապել է թոքերի հիվանդությունից, մահացել է 75 տարեկան հասակում՝ 1944 թվականի ապրիլի 12-ին Չեսկի Շտեռնբերկ քաղաքի մերձակայքում գտնվող Օտռիբի գյուղում[16]։ 1948 թվականի փետրվարյան իրադարձություններից հետո որոշ ժամանակ փորձ է արվել նրա անունը ջնջել պատմությունից, նրա գրքերն արգելվել են, անունն անգամ արգելված է եղել հիշատակել։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Ալոիս Մուսիլն առաջին հերթին հիշվում է որպես Քուսայր Ամրա ամրոցի հայտնագործող, նա միաժամանակ եղել է բազմաբեղուն հեղինակ, ստեղծել գիտական ու գրական-գեղարվեստական բազում գործեր։ Գրել է 50-ից ավելի գիրք (այդ թվում՝ 20 մանկական), շուրջ 1.200 գիտական հոդված, արել է հնավայրերն ու արաբական ցեղերի կյանքը պատկերող հազարավոր լուսանկարներ, պատրաստել տեղագրական բազմաթիվ քարտեզներ, տեղանքի հատակագծեր[17]։
- Musil, Alois (1927). J.K. Wright (ed.). Arabia Deserta - A Topographical Itinerary. Oriental Explorations and Studies No. 2, on behalf of the American Geographical Society (անգլերեն). New York: Czech Academy of Sciences and Arts & Charles R. Crane. OCLC 635356892.
- Ḳuṣejr ʻamra und andere Schlösser östlich von Moab: Topographischer Reisebericht, Wien 1902
- Sieben samaritanische Inschriften aus Damaskus, Wien 1903
- Od stvoření do potopy (From Creation to the Flood), Prag 1905
- Auf den Spuren der Geschichte des Alten Testaments, 2 Bde., Olmütz 1906/07
- Kuseir 'Amra, 2 Bde., Wien 1907
- Musil, A. (1907). Arabia Petraea (գերմաներեն). Vol. 1–4. Vienna (Wien): Alfred Hölder, for the Kaiserliche Akademie der Wissenschaften. OCLC 465845427. (with excerpts on Jerusalem and other places in Palestine)
- Ethnologischer Reisebericht, Wien 1908
- Im nördlichen Hegaz, Wien 1911
- Zur Zeitgeschichte von Arabien, Leipzig 1918[18]
- The Northern Hegaz, a Topographical Itinerary, American Geographical Society, Oriental Studies and Explorations No: 1, 1926
- Northern Negd, New York 1928
- The Manners and Customs of the Rwala Bedouins, New York 1928
- In the Arabian Desert, arranged for publication by Katherine McGiffort, New York 1930
- Krest'anské Církve dnešního orienta (The Christian Churches in the present day Orient), Olmütz 1939
- 1910 until 1933 over 1.500 articles, contributions to collected essays, and new paper articles, the most important ones are collected in: Dnešní Orient, 11 Bde., Prag 1934–1941.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալոիս Մուսիլը՝ բենի սահր ցեղի առաջնորդ (1901 թվական)
-
Մուսիլի «Քուսայր Ամրա» գրքի 1907 թ. հրատարակության տիտղոսաթերթը
-
Քուսայր Ամրա ամրոցի հեռանկարով հատույթը
-
Քուսայր Ամրա ամրոցի որմնանկարներից
-
Դրվագ Քուսայր Ամրա ամրոցի որմնանկարներից
-
Մուսիլի պատրաստած քարտեզներից մեկը
-
Մուսիլի կիսանդրին, որ դրված է նրա հայրենի գյուղում՝ Ռիխտարժովում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Encyklopedie Kroměříže (չեխերեն) — 2020.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://americangeo.org/honors/medals-and-awards/charles-p-daly-medal/
- ↑ «English».
- ↑ Hall, M.G., "The great Austrian writer Robert Musil", Virtual Vienna [Digital Resource], Online: Արխիվացված 2013-06-17 Wayback Machine.
- ↑ The great Austrian writer Robert Musil | Virtual Vienna
- ↑ Геллнер. Э. А. Times Literary Supplement. — М. : 19. 8. 1994, чис. 4768. — 12-14 с. — ISSN 0307-661X.
- ↑ Matriky - ACTA PUBLICA
- ↑ První český beduín
- ↑ Fowden, Garth (2004 թ․ սեպտեմբերի 20). Qusayr 'Amra: Art and the Umayyad Elite in Late Antique Syria. University of California Press. էջ 198. ISBN 978-0-520-92960-9.
- ↑ Digitálnà knihovna Kramerius
- ↑ Harrigan, P., "From Moravia to Arabia", Aramco World [Magazine], November–December, 2009, Online:
- ↑ Original publication of 1918
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Detailed biography of Musil
- English article on Radio Prague
- Biography, bibliography (in Czech) Արխիվացված 2021-05-17 Wayback Machine
- Academic Society of Alois Musil (in Czech)
- Details of Musil's discoveries (in Czech)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիս Մուսիլ» հոդվածին։ |
|
- Հունիսի 30 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Չեխիայում ծնվածներ
- Ապրիլի 12 մահեր
- 1944 մահեր
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հնագետներ
- Արևելագետներ
- Արաբագետներ
- Աստվածաբաններ
- 20-րդ դարի գրողներ
- Ճանապարհորդներ
- Ազգագրագետներ
- Բանահավաքներ
- Չեխ գրողներ
- Չեխ արևելագետներ
- Չեխ մանկավարժներ
- Չեխ աստվածաբաններ
- Գիտությունների դոկտորներ